«Եթե նորից փակենք երկիրը, հետևանքները սարսափելի կլինեն»
05.06.2020 | 00:45
Չնայած կորոնավիրուսով վարակման դեպքերի ահագնացող թվերին, որ արդեն հատել է 10 հազարի շեմը, իշխանությունը երկրորդ անգամ կարանտին չի սահմանի: Կառավարության ներկայացուցիչները, ի դեմս պարետ Տիգրան Ավինյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ըստ երևույթին, որոշել են բավարարվել միայն դիմակ դնելու հնարավոր բոլոր եղանակները փորձարկելով: Թեև իրենք էլ հստակ չգիտեն՝ դիմակ դնելն օգտակարության ինչ գործակից ունի, բայց օրական իմպրովիզներ են անում: Նախ հայտարարում են, թե «տնական արաղով դեզինֆեկցիայից» չեզոքացող ու «ոչ վտանգավոր» վիրուսի կանխարգելման համար դիմակը փրկություն չէ, բայց որոշ ժամանակ անց պարտադրանքի լեզվով վախեցնում՝ տնից դուրս գալուն պես դիմակ դրեք, այլապես 10 հազար դրամի տուգանքի չափով նվեր կստանաք կառավարության կողմից: Սա ոչ թե ֆանտաստիկ ֆիլմի սցենար է, այլ կառավարության այս օրերի գործողությունների քրոնիկոնը: «Ի՞նչ տվեց մոտ մեկամսյա կարանտինը»,- հարցրինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին: «Ոչինչ էլ չտվեց: Եթե ինչ-որ բան տված լիներ, այժմ օրական մոտ 700 վարակակիր չէինք ունենա: Բացի խոհանոցում առաջին քայլերն անող տանտիկինների ու խորոված պատրաստող տղամարդկանց լուսանկարներից, փաստորեն, այլ բանի չի ծառայել կարանտինը»,- անկեղծորեն պատասխանեց նա: «Իրատեսը» մեծամասնության ներկայացուցիչներից հետաքրքրվեց՝ կառավարությունը նորից կարանտին կսահմանի՞, եթե, այնուամենայնիվ, իշխանությունների ասած՝ այս իրավիճակի գլխավոր մեղավորը՝ ժողովուրդը, չանսա պարետի ցուցումներին: Գրեթե բոլորը միաձայն բացասական պատասխան տվեցին, ընդգծելով, որ անգամ մեկ շաբաթով կարանտին սահմանելուն տնտեսությունը չի դիմանա: «Մեկը ես կատեգորիկ դեմ եմ, բացառում եմ: Ինչպե՞ս կարող ենք փակել տնտեսությունը, բա հետո ինչպե՞ս է այն շնչելու: Եվ ոչ միայն տնտեսությունը, առողջապահական համակարգն էլ առանձնապես լավ օրի չէ: Մտավախություն ունենք, որ հանկարծ այնպիսի իրավիճակ չստեղծվի, որ համակարգն ուղղակի անզոր լինի սպասարկել ու բուժել բոլորին: Նույնն ասաց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանն «Իմ քայլը» խմբակցության հետ վերջին հանդիպման ժամանակ, որ պետք է պատրաստ լինենք օրական ավելացող թվեր լսելուն: Այս պահին որ, հաստատ, կարանտին սահմանելու մասին խոսք անգամ չկա»,- ասաց մեր զրուցակիցը:
Նույն տեսակետին են նաև խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Տնտեսագետ պատգամավորներից մեկը զգուշացնում է՝ կանխատեսվող -2 տոկոսից էլ ավելի ցածր ցուցանիշ է գրանցելու տնտեսությունը՝ մինչև -10-15 տոկոս: Ընդգծում է՝ թեև ռեստորանները, սրճարանները, առևտրի կետերն ու այլ օբյեկտներ այժմ աշխատում են, բայց դա չի նշանակում, թե եկամուտ են ստանում կամ ստանալու են առաջիկա ամիսներին: «Խոսքն իհարկե բոլորին չի վերաբերում, բայց մեծ մասամբ կա՛մ «մինուսով», կա՛մ զրոյական եկամուտով են աշխատելու: Այդպես մեկ, երկու, երեք ամիս, բայց անվերջ հո չե՞ն կարող գոյատևել: Միայն ապրիլին 74 հազար մարդ եկամուտ չի ստացել, ավելի քան 12 հազար աշխատատեղ էլ փակվել է: Հիմա պետք է գերջանքեր գործադրել իրավիճակը շտկելու համար: Պահը կորցրել ենք, եթե նորից փակենք երկիրը, հետևանքները սարսափելի կլինեն: Միակ բանը, որ պետք է անենք, կառավարման մենեջմենթն ու մարտավարությունը փոխելն է»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ